Հանրագիտարան

Ուիլյամ Շեքսպիր

Անգլիացի անվանի գրող Ուիլյամ Շեքսպիրը (William Shakespeare, 1564-1616թթ.) սովորել է ծննդավայրի քերականական դպրոցում, 1580-ական թվականների վերջերից տեղափոխվել է Լոնդոն, 1592թ.-ից եղել է «Լորդ-սենեկապետի ծառաները» (1603թ.-ից՝ «Թագավորական») թատերախմբի դերասան, 1599թ.-ից`   «Գլոբուս» թատրոնի բաժնետեր և դերասան, նույն թվականին արժանացել է ազնվականի տիտղոսի: Մոտ 1612թ. վերադարձել է ծննդավայր և ապրել այնտեղ մինչև կյանքի վերջը:

Կենսագրական փաստերի սակավության, հակասականության և անհամապատասխանության պատճառով որոշ ուսումնասիրողներ Շեքսպիրի ստեղծագործությունները վերագրել են այլ անձանց, հետագայում այդ վարկածները հերքվել են: Իր երկերը գրելիս Շեքսպիրն օգտվել է անտիկ աշխարհի, միջնադարի և Վերածննդի փիլիսոփայական, պատմագրական, գեղարվեստական գանձարանից, անգլիական բանահյուսությունից,  ժամանակի իրադարձություններից:

 

Գրել է ոչ միայն դրամատիկական գործեր (37 պիես), որոնք նրա գրական ժառանգության մեծ մասն են, այլև քնարավիպերգական պոեմներ՝ «Վեներան և Ադոնիսը» (1593թ.), «Լուկրեցիայի առևանգումը» (1594թ.), «Սիրահարի տրտունջը» (1609թ.) ևն, որոնց հիմքում Վերածննդի դարաշրջանում լայնորեն տարածված պատմադիցաբանական թեմաներն են, և 154 սոնետ, որտեղ հեղինակն անձնական հույզերը միահյուսել է հասարակական ու փիլիսոփայական մտորումներին:
 
Շեքսպիր-դրամատուրգի ստեղծագործությունը բաժանվում է 3 շրջանի: Առաջին շրջանում (1590-1600թթ.) գրել է «Հենրի VI» (1590-1592թթ.), «Ռիչարդ III» (1593թ.), «Ռիչարդ II» (1595թ.), «Ջոն արքա» (1596թ.), «Հենրի IV» (1597-98թթ.), «Հենրի V» (1598թ.) պատմական պիեսները՝ քրոնիկները, «Սխալների կատակերգություն» (1592թ.), «Անսանձ կնոջ սանձահարումը» (1593թ.), «Երկու վերոնացի ազնվականներ» (1594թ.), «Միջամառնային գիշերվա երազ» (1596թ.), «Վենետիկի վաճառականը» (1596թ.), «Ոչնչից մեծ աղմուկ» (1598թ.), «Վինձորի զվարճասեր կանայք» (1598թ.) կատակերգությունները, «Ռոմեո և Ջուլիետ» (1595թ.), «Հուլիոս Կեսար» (1599–1600թթ.) ողբերգությունները և այլ գործեր:
 
Երկրորդ շրջանում (1601-1608թթ.) գրել է իր գլուխգործոցները՝ «Համլետ» (1601թ.), «Օթելլո» (1604թ.), «Լիր արքա» (1605թ.), «Մակբեթ» (1606թ.), «Անտոնիուս և Կլեոպատրա» (1607թ.), «Կորիոլան» (1607թ.) ողբերգությունները, որոնց հերոսները բացառիկ անհատականություններ են՝ ընդգրկուն և ընդհանրացնող մտածողությամբ, խոր և զորեղ զգացումներով, անհատապաշտական և մարդասիրական մղումների վայրիվերումներով:
 
Երրորդ շրջանի (1609-1612թթ.) գործերում («Սիմբելին», 1610թ., «Ձմեռային հեքիաթ», 1611թ., «Փոթորիկ», 1612թ., և այլն) գերիշխում են հեքիաթային, գերբնական տարրերը: Շեքսպիրի ստեղծագործության համակողմանի արժևորումն սկսվել է XVIII դարի վերջից և XIX դարի սկզբից, երբ հիմք է դրվել գրականագիտական նոր ճյուղի՝ շեքսպիրագիտության:
 
Հայ իրականության մեջ Շեքսպիրի ստեղծագործությանն առաջինն անդրադարձել է Հովսեփ Էմինը՝ 1792թ. գրած իր հուշերում: 1866թ.-ից սկսած`   դրամատուրգի գործերը բազմիցս թարգմանվել և խաղացվել են թե´ արևմտահայ, թե´ արևելահայ բեմերում: Շեքսպիրի գործերից ամբողջությամբ առաջինը թարգմանել է Կարապետ Տետեյանը («Կատակերգություն սխալանաց», «Վենետիկի վաճառականը», «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: